Նյութի գերիշխանությունը հոգու վրա դարավոր ավանդույթ է՝ միլիոնավոր վկայություններով, համարյա՝ սովորույթ: Սխալ, որ արդեն կորցրել է ընկալումը: Մարդիկ հավատում են տեսածին, շոշափածին, զգացածը խաբուսիկ է, պատրանք, որից շահ չկա: Իսկ շահը միշտ է գերակա: Կավը նյութ է, որ պարզվեց՝ հոգի ունի:
Համարյա մեկ շաբաթ Հայաստանում (և ոչ միայն) գուշակությունների շրջապտույտ է՝ ինչու՞ Հայաստանը չմասնակցեց ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017»-ին, որ հայերեն հնչում է «Կավի հոգի»: Պատասխաններ չկան, կան բացատրություններ: Հակասություններ, որ տեղավորվում են հայկական տրամաբանության, բայց ոչ տրամաբանության շրջանակներում:
ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» յոթերորդ զորավարժություններին մասնակցում է 1515 զինծառայող յոթ երկրներից՝ Վրաստան, ԱՄՆ, ՈՒկրաինա, Բուլղարիա, Ռումինիա, Լատվիա, Ադրբեջան: Զորավարժություններում ընդգրկված 1515 զինծառայողների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացումն է: Նպատակ, որ ՀՀ ՊՆ-ն իր համար չի կարևորում: Լավ հայտնի պատմության ու մեկնաբանությունների մանրամասների մեջ խորանալն անիմաստ է, պարզապես արձանագրենք իրավիճակը.
1. Հայաստանը նախապես համաձայնել էր զորավարժություններին մասնակցել երեք զինծառայողով: Տրանսպորտի, տեղակայման և սննդի ծախսերը հոգում էր ամերիկյան կողմը: Վրաստանի ՊՆ հասարակության հետ կապերի և ռազմավարական հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Նինո Տոլորդավան ասել է՝ ծանուցումը, որ Հայաստանը զորավարժություններին չի մասնակցելու, վրացական կողմը ստացել է Հայաստանի ռազմական ատաշեից զորավարժություններից մեկ օր առաջ: Երեք զինվորի ներկայությունը տպավորիչ չէ, բայց երեքի մասնակցությունը երկրի դրոշը բարձրացնելու հնարավորություն է տալիս, իսկ դա կարևոր է բոլոր կողմերի համար:
2. Հայաստանի մասնակցության մասին խոսում է Վրաստանի ՊՆ-ն, Հայաստանի ՊՆ-ն հերքում է, որ մասնակցության հայտ է ներկայացրել: Հերքում է անհամոզիչ՝ ՊՆ հայտարարության և պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի մեկնաբանության մեջ կան նկատելի ճաքեր՝ եթե ՊՆ-ն կտրուկ հերքում է մասնակցության հայտը, փոխնախարարը խոսում է ծրագրերի փոփոխության մասին: Կարևորը փաստն է, որ Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև տարաձայնություններ կան: Բարձրաձայնվող:
3. Հայկական կողմից հնչած որևէ բացատրության մեջ չի պարզաբանվում՝ իսկ ինչու՞ չմասնակցեցինք: Ի՞նչ փոխվեց ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, որ նախորդ զորավարժություններին, թեկուզ միայն ռազմական բժիշկների մակարդակով, ցուցադրաբար՝ անզեն, բայց հայկական զինուժը ներկա էր, հիմա՝ գործեց սեպտեմբերի 3-ի սինդրոմը, ու Հայաստանը հանգեց գիշերային հերթական «հրաժարիմքին»:
4. Կապ ունի՞ այս հրաժարումը օգոստոսի վերջին ՌԴ և ՀՀ նախագահների Սոչիում հանդիպման հետ:
5. Հայաստանի ցուցադրական հրաժարականը կարելի՞ է համարել ընդհանրական պատասխան Արևմուտքին՝ մեզ նեղացրեց ԵԱՀԿ-ն՝ Կասպրշիկի տեսքով, մենք պատասխանեցինք ՆԱՏՕ-ին՝ զորավարժությունների պատրվակով:
6. Համարե՞լ Հայաստանի չմասնակցությունը ռուսական ճնշման հետևանք: Քաղաքական գործիչները հանկարծ հիշեցին, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, փաստացի՝ ընտրովի հիշողության սինդրոմ էլ կա՝ հիշում ենք ու մոռանում ըստ քաղաքական պատեհության: Այս զորավարժությունները ժամանակի մեջ համընկան ՌԴ-ԱՄՆ դիվանագիտական սկանդալին, որ դեռ նոր զարգացումներ է ունենալու: Հերթական անգամ Հայաստանի՝ միջազգային ասպարեզում անկանխատեսելի ու անհուսալի գործընկերոջ իմիջում վերահաստատելով՝ Կրեմլը փոքրիկ վրեժիկ էր լուծում ԱՄՆ-ի՞ց, թե՞ Հայաստանից:
Առանց երեք հայ զինծառայողի զորավարժությունները չտապալվեցին, սկսվել ու շարունակվում են ամբողջ շաբաթ ու ավելի՝ սեպտեմբերի 3-11-ը, Հայաստանը ևս մի թափանցիկ խաչ դրեց անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի հնարավորությունների վրա: Մոսկվայի բուն նպատակը դա չէ՞ր:
7. Այս ամբողջ շաբաթ Պեկինում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պաշտոնական այցով, որի ընթացքում ստորագրվեց Հայաստանի պաշտպանական ոլորտին տասը միլիոն յուանի (մեկուկես միլիոն դոլարի) անհատույց օգնության համաձայնագիր: Հազիվ է կարողանում Մոսկվան Հայաստանին Արևմուտքից կտրել, հիմա էլ Արևելքն է առաջ գալիս: Տարածաշրջանում իր ամենամեծ դեսպանատունը Երևանում կառուցող Պեկինը Հայաստանը դիտարկում է ռազմաքաղաքական և դիվանագիտական հենակետ՝ լավ իմանալով Երևանի խնդիրներն ու քաղաքական կաշկանդումները: Այսինքն՝ Պեկինը պատրաստ է ի՞նքը հարցերը լուծել, որ Երևանը չի կարողանում: Գուցե Վրաստան չգնալը այն գի՞նն էր, որ Երևանը վճարեց Վիգեն Սարգսյանի Պեկին գնալու դիմաց:
8. Եթե համարենք «Կավի հոգու» պատմությունը այս կամ այն կերպ անցյալ, ի՞նչ է անելու Հայաստանը հաջորդ անգամ՝ ՆԱՏՕ-ն անդադրում կառույց է, ու զորավարժությունները շարունակական են: Հաջորդ անգամ ևս ՀՀ ՊՆ-ն հայտարարելու՞ է, որ հերթական «զորավարժություններն առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել», մեղադրելու է լրատվամիջոցների՞ն՝ «Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են», հետո անցնելու է իր սովորական ՀԱՊԿ-ական գործընթացների՞ն:
9. Այս ընթացքում մի սփոփանք Երևանը ստացավ: Քիշնևից: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը արգելափակեց մոլդովացի զինվորների մասնակցությունը ՆԱՏՕ-ի Rapid Trident զորավարժությանը ՈՒկրաինայի արևմուտքում, սեպտեմբերի 7-23-ը: «Մոլդովացի զինծառայողները երկրի սահմաններից դուրս զորավարժությունների չեն մասնակցի»՝ հայտարարեց Իգոր Դոդոնը: Rapid Trident-ին մասնակցելու են 14 երկրի, հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ երկրների 1800 զինծառայողներ, և Մոլդովան միշտ մասնակցել է Rapid Trident-ին:
10. Ոչ միայն սփոփանք եղավ, համարյա մխիթարություն՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հստակ մեսիջ հղեց՝ ՆԱՏՕ-ն չի նեղացել, ավելին՝ դեսպանատանը ուրախությամբ փաստել են, որ Հայաստանը հետզհետե ավելացնում է մասնակցությունը ԱՄՆ-ի հովանու ներքո ՆԱՏՕ-ի գործընկերների հետ՝ տարածաշրջանում անցկացվող վարժանքներին: Նրանց գնահատականով՝ «Պաշտպանության նախարարությունը շարունակում է հետաքրքրված լինել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո առաջիկայում անցկացվելիք այլ վարժանքների մասնակցությամբ, որոնք հնարավորություն կտան ապահովել ռազմաբժշկական ու ինքնաշեն պայթուցիկների վնասազերծման հայկական ստորաբաժանումների հավաստագրումը: Մենք պատրաստ ենք աջակցել և ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը ԱՄՆ-ի հովանու ներքո առաջիկայում անցկացվելիք համապատասխան վարժանքներին»: Փառահեղ չէ՞՝ ԱՄՆ դեսպանատունն է տեղեկացնում, թե ինչով է հետաքրքրված ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Agile Spirit 2017»-ը աշխարհի սկիզբն ու վերջը չէ: Ստեպ-ստեպ ի հայտ են գալիս իրադարձություններ, որոնց հայելու մեջ առավել հստակ ու տեսանելի է իրավիճակը: Կարևորը ոչ թե հայելին է, այլ՝ եզրակացությունները, որ արվում կամ չեն արվում ի հետևանս: Օրինակ՝
1. Ի՞նչ հետևանք կունենա «Agile Spirit 2017»-ը հայ-վրացական հարաբերությունների վրա: Հայոսի ու Քարթլոսի դարավոր բարեկամության սոուսի տակ միջադեպը կմոռացվի՞, թե՞ նստվածք կտա հարաբերությունների մյուս հարթակներում:
2. Երբ զորավարժությունների լոգոյից հանվեց Հայաստանի դրոշը, ավելացվեց Ադրբեջանինը: Բաքուն սիրով ու պատրաստակամ գնում է դեպի ՆԱՏՕ: Որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե իրավիճակը ինչպես կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հարցի ու շփման գծի անցուդարձի վրա: Համենայն դեպս, դարակազմիկ գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակետները հրապարակավ համընկնում են, իրականում ավելի շատ հակադիր են: Ի՞նչ է ձեռնարկելու Բաքուն այդ պատկերը իր օգտին շրջելու համար:
3. Երբ ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ Հայաստանը չէր էլ ասել, թե անպայման մասնակցելու է զորավարժություններին, մոռանու՞մ է, որ հակառակն էլ չէր ասել: Ընդհանրապես Հայաստանը ի՞նչ է ասում: Ազգ-բանա՞կ: ՀԱՊԿ ու ԵԱՏՄ: Անվտանգության ապահովում՝ առաջին հերթի՞ն: Բայց այդ դեպքում առաջին ու վերջին հերթին պիտի տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահի, որ հնարավոր է միայն այլընտրանքի առկայությամբ: Ինքնիշխանության ամրապնդման:
4. Աշխարհաքաղաքական այս իրավիճակում Մոսկվան ոչ թե խանդով, այլ սրված խանդով է վերաբերվելու ոչ միայն Հայաստանի, անգամ Ադրբեջանի դեպի Արևմուտք քայլերին: Ի՞նչ է սպասվում նոյեմբերին: ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից առաջ ու, առավել ևս, հետո: Պաշտոնական անձինք Երևանում հաստատում են, որ հրաժարումը զորավարժություններից չի ազդի երկրի իմիջի վրա: Համարենք, թե չի ազդի, թեպետ Արևմուտքը հերթական ծանուցումը ստացավ հայկական արտաքին ու ռազմական քաղաքականության անկայունության ու անկանխատեսելիության մասին: 2009-ին էլ Հայաստանը հրաժարվեց մասնակցել «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժություններին՝ սկսվելուց մեկ օր առաջ տեղեկացնելով: Կա 2013-ը, երբ ԵՄ-ի հետ քառամյա բանակցություններից հետո Հայաստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման ստորագրության պատրաստ համաձայնագրից:
5. Տեղավորվու՞մ են մեր պատկերացումները իրականության շրջանակներում: Գուցե խաղը բոլորովին այլ բովանդակություն ունի, քան հրապարակային մակարդակում է: Գուցե Հայաստանը, այնուամենայնիվ, այնքան էլ զրոյական վիճակում չէ և ինչ-որ փոխհատուցում ստանալու է Ռուսաստանից՝ իր հեղինակությանը հասցված հարվածի դիմաց: Ի՞նչ փոխհատուցում և ե՞րբ: Չի՞ դառնա դա նոր բումերանգ:
6. Պեկինից վերադառնալուց հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարկ կհամարի՞ պարզաբանում տալ, թե՞ ակնհայտ է, որ որոշումը ինքը չի կայացրել, ուստի բացատրությունն էլ իրենից չպետք է սպասել:
7. «Agile Spirit 2017»-ը բացահայտեց ոչ միայն կավի հոգին, ավելի շատ պարզեց, որ մարմինը հոգուն գերակայում է ժամանակի կարճ հավիտենության մեջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Շաբաթվա հեռանկարային մխիթարանքը եկավ Չինաստանից, բայց ռուսական էր: ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց, որ Ռուսաստանը չի կարող ազդել ՈՒկրաինա զենք մատակարարելու ԱՄՆ-ի որոշման վրա: «Դա երկրների ինքնիշխան որոշումն է: Սակայն կան միջազգային կանոններ և մոտեցումներ: Զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, այլ խորացնում է իրավիճակը»,- ասաց ՌԴ նախագահը: Չմեղադրենք երկակի ստանդարտների մեջ: Նրա խոսքը բոլորովին չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին: «Զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, այլ խորացնում է իրավիճակը» բանաձևը լեզվի սայթաքում էր: Իզուր է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն առաջարկում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, որոշ երկրների վրա զենքի մատակարարումների էմբարգո դնել։ Ո՞վ է նրան ասել, որ Մոսկվան ուզում է հարցը լուծվի և դեմ չի քվեարկի՝ բացատրելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության անհրաժեշտությամբ կամ մեկ այլ հեքիաթով: ՈՒ՝ ի՞նչ: